English / Հայերեն

Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն - 2015

2015 թ-ին Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 26-ին` կրկին Երևանի Անգլիական այգում: Այս տարի 40-ով ավելի, այսինքն մոտ 100 մասնակից (ֆերմերային խմբեր, կոոպերատիվներ, անհատ ֆերմերներ և ձեռներեցներ, տեղական և միջազգային կազմակերպություններ) Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից ներկայացնելու են իրենց մշակաբույսերը, բերքի նմուշներ, ձեռագործ աշխատանքներ, ավանդական տնական պատրաստման սնունդ, թարմ, չորացված և մշակման ենթարկված գյուղատնտեսական մթերքներ: 

Փառատոնը կծառայի որպես յուրօրինակ հարթակ, որտեղ ֆերմերները, արտադրողներն ու գնորդները, վերամշակողները, տարբեր կազմակերպություններ և հնարավոր դոնորներ կարող են հանդիպել, փոխանակել փորձը, գտնել նոր շուկաներ և նոր համագործակցության եզրեր: Երևանի բնակիչները, ինչպես նաև հյուրերը, հրաշալի հնարավորություն կունենան գտնել գյուղատնտեսական արտադրանքի լայն տեսականի:

Հայկական մշակույթը նույնպես կներկայացվի. փառատոնը կուղեկցվի ժողովրդական երաժշտությամբ ու պարով: Լավագույն սեղանները կընտրվեն ժյուրիի կողմից, և կտրվեն մրցանակներ: Բոլոր մասնակից խմբերը կստանան վկայականներ: Փառատոնի այցելուների համար կկազմակերպվի մրցույթ` հրաշալի նվերներով: