Ընթացիկ ծրագրեր

Փոքր ֆերմերային տնտեսությունների կենսապայմանների բարելավում՝ կարողությունների զարգացման և կայուն տնտեսական կառույցների ստեղծման միջոցով

Իրականացնող` Կանաչ արահետ ՀԿ և Հույսի նշան ՀԿ
Ֆինանսավորող՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն

Գերմանական «Հույսի նշան» և գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունները՝ 2017թ. դեկտեմբերից Շիրակի մարզի Հայկավան համայնքում մեկնարկեցին «Փոքր ֆերմերային տնտեսությունների կենսապայմանների բարելավում՝ կարողությունների զարգացման և կայուն տնտեսական կառույցների ստեղծման միջոցով» ծրագիրը:
Դեկտեմբերի 25-ը հիշարժան օր էր: Շտապեցինք համայնքի բնակչությանը տեղեկացնել ծրագրի մասին, որին ավելի քան 2 տարի սպասել ենք միասին…
Ծրագրի շահառու Հայկավան գյուղը գտնվում է Շիրակի մարզի արևմուտքում՝ Ախուրյանի ենթաշրջանում: Գյուղն ունի 1598 բնակիչ, 404 տնտեսություն, որից 362-ի հիմնական եկամուտը գյուղատնտեսությունն է:
Ծրագրի ընթացքում, բացի 144 շահառու ֆերմերներին գիտելիքների տրամադրումից ու նրանց կարողությունների զարգացումից, կիրականացվեն նաև որոշակի ներդրումներ՝

  1. Ծրագրում ներգրավված 19 անապահով ընտանիքների (հիմնական շահառուների) համար կհիմնվի 1.5 հա հատապտուղների, մասնավորապես՝ ազնվամորենու տնկարկներ (հնարավորինս կվերացվի կախվածությունը մոնոկուլտուրաներից):
  2. Մշակությունը կտարվի լարասյունային համակարգով և կներդրվի (կտեղադրվի) հակակարկտային ցանց՝ բնական աղետների ռիսկը նվազեցնելու նպատակով:
  3. Ծրագրում ներգրավված 125 շահառուներին ևս կօգնենք զբաղվելու բարձրարժեք գյուղատնտեսությամբ (իրենց տնամերձ հողամասում բարձրարժեք մշակաբույսերի մշակությամբ)՝ տրամադրելով ավանդական և ոչ ավանդական բանջարեղենների, բակլազգիների սերմեր, սածիլներ, պարարտանյութեր:
  4. Ձեռք կբերվի տրակտոր՝ գութանով, ինչպես նաև հովացնող սարք, որը ծրագրի շահառուների փաթեթավորված արտադրանքը կտեղափոխի Գյումրու և Երևանի մեծածախ և մանրածախ առևտրի կետեր, սուպերմարկետներ:
  5. Կհիմնվի բերքի հավաքման կետ, պահեստային մաս, փաթեթավորման արտադրամաս և  աշխատանքային սենյակ:
  6. Ծրագրի վերջին տարում արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կտարածվի նաև հարակից համայնքներում:
  7. Կհրատարակվեն գյուղատնտեսական ուղեցույցներ և տեղեկատվական նյութեր: Կկազմակերպվեն անհրաժեշտ քանակի ուսուցումներ, դաշտային օրեր, փորձի փոխանակումներ, ինչպես նաև կապահովվի ֆերմերային խմբերի մասնակցությունը մի շարք գյուղատնտեսական համաժողովների և փառատոների:
  8. Ծրագրի երրորդ տարում կստեղծվի (կկազմավորվի) գյուղատնտեսական կոոպերատիվ և շահառու ֆերմերներից ցանկացողները կարող են դառնալ կոոպերատիվի անդամ:
office_8j85r5o9Ընթացիկ ծրագրեր